ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Հանդուրժողականությունն օգնում է մարդկանց առերեսվելու, հասկանալու և հաղթահարելու դժվարին իրավիճակները»

«Հանդուրժողականությունն օգնում է մարդկանց առերեսվելու, հասկանալու և հաղթահարելու դժվարին իրավիճակները»
04.12.2018 | 02:16

Դեկտեմբերի 2-ին ԱՄԷ-ն տոնեց երկրի կազմավորման 47-ամյակը: Այստեղ տոնը «Ազգային օր» է կոչվում: Սա երկրի անցած ճանապարհը, ներկայի ձեռքբերումներն ու ապագայի ծրագրերը վերանայելու և դրանցով հպարտանալու բացառիկ հնարավորություն է: Դեռևս կես դարը չբոլորած երկիրը կարճ ժամանակում անհավատալի հաջողությունների է հասել: Դրանք վերաբերում են տնտեսության, քաղաքաշինության, ենթակառուցվածքների, օրենսդրական դաշտի, գիտության, կրթության, մշակույթի, սպորտի ոլորտների զարգացմանը: Պետք է նշել, որ այս փոփոխությունները և զարգացման քայլերը չեն ստվերել ազգային արժեքները: Ազգային ժառանգության պահպանումը արժանապատվության խնդիր է և գտնվում է պետության հովանու ներքո: Նման վերաբերմունքը նաև երկրի այցելուին է հարգանք ներշնչում ԱՄԷ-ի և էմիրաթցիների նկատմամբ: Նրանք ստեղծված մթնոլորտում ամենայն պատասխանատվությամբ են հետևում երկրում գործող օրենքներին, հարգում սովորությունները, խորհրդանիշերը, առաջնորդներին, նաև վայելում բարեկեցիկ կյանքն ու հնարավորությունները, որ ընձեռում է ԱՄԷ-ն:


ԱՄԷ-ի կազմավորման 47-ամյակի կապակցությամբ երկրի նախագահ Շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանը 785 բանտարկյալի ներում է շնորհել և խոստացել մարել նրանց պարտքերը՝ հնարավորություն տալով նոր կյանք սկսելու իրենց ընտանիքների հետ: Նաև Ռաս ալ Խայմայի կառավարիչ Շեյխ Սաուդ Բին Սաքր Ալ Քասիմին է 205 բանտարկյալի ներում շնորհել՝ նրանց պայծառ ապագայի հույս ներշնչելով: Ներողամտությունը, առատաձեռնությունը, հանդուրժողականությունը այսօր դարձել են ԱՄԷ-ի դիմագիծը, որի սերմերը ցանել է երկրի առաջին նախագահ Շեյխ Զայեդ Բին Սուլթան Ալ Նահյանը: Նրան էմիրաթցիներն իրավամբ համարում են իրենց հայրը, ճշմարիտ առաջնորդը: 2018 թվականը նվիրված է Շեյխ Զայեդին: Նրա հարյուրամյակի առթիվ Աբու Դաբիում կառուցվել և հանրության առջև իր դռներն է բացել Շեյխ Զայեդի հուշահամալիրը: Նույն հուշահամալիրի ցուցասրահում արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդուլլա Բին Զայեդ Ալ Նահյանի բարձր հովանու ներքո բացվել է «Շեյխ Զայեդը և Եվրոպան. ճամփորդություններ» խորագրով ցուցահանդեսը: Այն կազմակերպել են ԱՄԷ-ում ԵՄ ներկայացուցչությունը, ԵՄ խորհրդի Ավստրիայի և Բուլղարիայի նախագահությունները: Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցել են ԵՄ անդամ 25 երկրի դեսպաններ, որոնք դիվանագիտական առաքելություն են իրականացնում ԱՄԷ-ում, ինչպես նաև այլ բարձրաստիճան հյուրեր: Սա սովորական ցուցահանդես չէ. լուսանկարները, ֆիլմերը, անձնական իրերը՝ մոտավորապես հիսուն ցուցանմուշ, վավերագրում են Շեյխ Զայեդի կողմից եվրոպական երկրների հետ 50-ական թվականներին բարեկամական հարաբերություններ հիմնելու պատմական իրողությունը: Այդ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն ԱՄԷ-ի համար: Արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդուլլա Բին Զայեդ Ալ Նահյանը, անդրադառնալով ցուցահանդեսի կարևորությանը, նշել է. «Շեյխ Զայեդին ոգեշնչել էր Եվրոպայում տեսածը: Նա նույնը ցանկանում էր ստեղծել իր ժողովրդի համար: Նավթի վաճառքից ստացված եկամտով նա հայրենիքում կյանքի կոչեց շինարարական և զարգացման խոշոր նախագծեր: Մարդիկ պետք է կարողանային օգուտ քաղել իրենց հարստությունից և աշխատեին Դաշնության, ընդհանուրի համար»: Կազմակերպիչների խոսքով՝ ցուցահանդեսի նպատակն է Շեյխ Զայեդին ներկայացնել նաև որպես դիվանագետ, որն ընդունված էր եվրոպական շատ երկրների առաջնորդների կողմից:


Քանի որ խոսեցինք հանդուրժողականության մասին, նշենք, որ բազմամշակույթ ԱՄԷ-ում այն առաջնային խնդիր է: ԱՄէ-ի դռները միշտ բաց են եղել օտարերկրացիների առջև: Նրանք ապրել և աշխատել են այս երկրում, շենացրել երկիրը՝ վայելելով իրենց աշխատանքից ստացված եկամուտը: Աբու Դաբիում ԱՄԷ-ի կազմավորման 47-ամյակի միջոցառումների շրջանակներում հանդուրժողականության նախարարությունը «Զայեդի մոտեցումը» խորագրով համաժողով է կազմակերպել: Այն Հանդուրժողականության փառատոնի մասն է կազմում: Համաժողովին մասնակցել է 60 երկրի ավելի քան 70 ներկայացուցիչ, այդ թվում՝ դիվանագետներ, գործարարներ, ներդրողներ, համայնքային առաջնորդներ: ՎԱՄ պետական լրատվական գործակալության համաձայն՝ մասնակիցների թվում եղել են նաև Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ: ԱՄԷ-ի հանդուրժողականության նախարար Շեյխ Նահյան Բին Մուբարաք Ալ Նահյանն իր բացման խոսքում ընդգծել է. «Շեյխ Զայեդը հանդուրժողականությունը և համակեցությունը ընդունել է որպես ԱՄԷ-ի հիմնական մոտեցումներից մեկը, որը երկիրը դարձրել է աշխարհում հանդուրժողականության բացառիկ օրինակ»: Ի դեպ, 200-ից ավելի ազգությունների ներկայացուցիչների իր հարկի տակ ընդունած ԱՄԷ-ում հանդուրժողականության նախարարությունը գործունեությունը սկսել է 2016 թ., որն ուղղված է երկրում գաղափարական, մշակութային և կրոնական մոլեռանդությունն արմատախիլ անելուն: Հանդուրժողական մթնոլորտը պահպանելու համար 2015-ին խտրականության և ատելության դեմ օրենք է ընդունվել: Վերադառնալով վերը նշված համաժողովին՝ հավելենք, որ Շեյխ Նահյանը նաև ասել է. «Մեր կարծիքով՝ հանդուրժողականությունն անհրաժեշտ է կոնֆլիկտների լուծման համար, քանի որ այն հարաբերություններին ճկունություն է հաղորդում: Վերջինս օգնում է մարդկանց առերեսվելու, հասկանալու և հաղթահարելու դժվարին իրավիճակները՝ չդավաճանելով սեփական սկզբունքներին: Դրա շնորհիվ ստեղծվում են նաև արդյունավետ աշխատանքային խմբեր, որոնք նպաստում են սոցիալ-տնտեսական զարգացմանը»:


Բնականաբար, յուրաքանչյուր օտարերկրացի իրեն հանգիստ է զգում նման մթնոլորտում, և ժամանակի ընթացքում ԱՄԷ-ն դառնում է նրա տունը: Միանալով ԱՄԷ-ի կազմավորման 47-ամյակի կապակցությամբ հղված շնորհավորանքներին՝ կայունություն, խաղաղություն և նոր հորիզոնների բացահայտում մաղթենք այս հյուրընկալ երկրին:

Համասփյուռ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԱՄԷ-ում «Իրատեսի» հատուկ թղթակից

Դիտվել է՝ 13042

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ